Վերաքննիչ դատարանը մերժել է Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու մասին բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀԽ անդամների փաստաբաններից Գեւորգ Դավթյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Ժիրայր Սեֆիլյան, Գեւորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը, այսօր կքննարկեն Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցի հարցը: Փաստաբանները մեծ սպասելիքներ չունեն Վերաքննիչ դատարանից, եւ կարծում են, որ Վարուժան Ավետիսյանի դեպքում եւս կկայացվի նույն որոշումը: Այս որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու համար 15օրյա ժամկետ է սահմանված, ամենայն հավանականությամբ այն կբողոքարկեն: Գեւուրգ Դավթյանը նշեց նաեւ որ Գարեգին Չուգասզյանի նիստի ժամանակ ինքնաբացարկ էին ներկայացրել դատավորին, սակայն  այդ միջնորդությունը մերժվեց:

ՀԽ կալանավորված անդամներից Գեւորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը: Փաստաբանը նշեց, որ իրենց տեղեկություններ են հասել, որ «Նուբարաշենում» գտնվող  ՀԽ անդամը խնդիրներ ունի խցակիցների հետ, այդ պատճառով էլ հացադուլ է հայտարարել եւ տեղափոխվել առանձին խուց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: