Սեւանա լճում կորած քաղաքացու՝  Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները շարունակվում են: NEWS.am-ի թղթակցին Սեւանի Ջրափրկարարական ջոկատից հայտնեցին, որ դեռ չեն գտել քաղաքացուն, հավանաբար նա խորն է սուզվել: Մեզ փոխանցեցին, որ արդեն 2 օր է՝ որոնողական աշխատանքներ են կատարում, երեկ էլ ամբողջ օրը փնտրել են, այսօր առավոտվանից նորից սկսել որոնել:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Սեւանա լճում Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: