«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, երկուսուկես տարվա ազատազրկման դատապարտված Ժորա Սափեյանն այսօր` հուլիսի 29-ին, ժամը 10:30-ին ազատ է արձակվելու: Լրացել է նրա պատժաչափի ժամկետը: Ժորա Սափեյանի ու նրա եղբոր՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանի դեմ, քրեական գործ էր հարուցվել 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մի քանի օր հետո` Թալինում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով։ 2008-ի հունվարի 27-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինում կազմակերպված նախընտրական հանդիպման ժամանակ ոմն Սարգիս Կարապետյան վեճի էր բռնվել: Ժորա Սափեյանը, ով այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, շտաբի մի քանի այլ անդամների հետ Սարգիս Կարապետյանին հեռացրել էին հանրահավաքի վայրից։ Այդ դեպքից երկու օր անց Սափեյան եղբայրներին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քր.օրի 258 հոդվածի 3-րդ մասով՝ «խուլիգանություն»: Մկրտիչ Սափեյանն ազատ է արձակվել այս տարվա հունվարի 29-ին՝ ամբողջությամբ կրելով պատժաչափը:
NEWS.am-ը երեկ` ազատ արձակվելուց մեկ օր առաջ զրուցել է Ժորա Սափեյանի հետ:
Պարոն Սափեյան, ի՞նչ տրամադրությամբ եք լքում ազատազրկման վայրը:
Տրամադրությունս լավ է, բայց ցավում եմ, որ կալանավայրում եմ թողնում իմ ընկերներին: Հատկապես Սասուն Միքայելյանին, ով ծանր հիվանդ է եւ ես էլ տեսել եմ նրա հիվանդությունը: Ինքը կամքից շատ ուժեղ մարդ է ու ցույց չի տալիս, որ հիվանդ է: Եթե իշխանությունները թեկուզ մի քիչ մարդկություն ու բանականություն ունեն, ապա պետք է նրան քաղաքային հիվանդանոց ուղարկեն: Կալանավոր իմ մնացած ընկերներին էլ մաղթում եմ պայքարել մինչեւ վերջ, պայքարել իրենց ազատության համար: Իսկ ես, անկախ այն բանից, թե որտեղ եմ` ազատության մեջ, կալանավայրում, հանրապետությունում թե հանրապետությունից դուրս, յուրաքանչյուր քաղաքացու ազատ ապրելու համար ամեն ինչ անելու եմ:
Ազատ արձակվելուց հետո Ձեր առաջին քայլը ո՞րն է լինելու:
Պարզ է, որ պետք է գնամ հայրենի գյուղ` ծնողներիս, հարազատներիս, մտերիմներիս տեսնելու, հետո կգամ Երեւան` Սարյանի արձանի մոտ, ուր հավաքվում են կանայք, ովքեր այս ընթացքում պայքարել են մեզ համար: Ծաղիկներ կդնեմ մարտի 1-ի 10 զոհերի շիրիմներին, կայցելեմ նաեւ մեր ընկերոջ` Անդրանիկ Հովակիմյանի շիրիմին, ում նույնպես համարում եմ մարտի 1-ի զոհերից մեկը....
Իսկ քաղաքական դաշտում Ձեր անելիքը ո՞րն է լինելու:
Քաղաքական դաշտում կստանձնեմ ինձ հասանելիք մասը եւ Հայ ազգային կոնգրեսի հետ կպայքարեմ այնքան ժամանակ, քանի դեռ չենք ունեցել ազատ եւ իսկապես անկախ պետություն: Սա է իմ անելիքը: Եւ որպես «Հանրապետություն» կուսակցության մարզային կառույցի ղեկավար` կսկսեմ իմ ակտիվ կուսակցական աշխատանքը:
Իսկ Սարգիս Կարապետյանին հանդիպելո՞ւ եք:
Ես մի բան կասեմ` նա Արեգ գյուղից է, որը տվել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, տվել է ակադեմիկոսի, եւ ես ամաչում եմ, որ այդ գյուղը տվեց նաեւ դավաճան: Ես կամաչեմ նայել նրա աչքերի մեջ, ում ժամանակին շատ հարցերում օգնել եմ, աջակցել: Իսկ նա արեց այն բանը, որն իրեն սազական չէր: Ինքն իր այդ վարմունքով դավաճանի պիտակ կպցրեց իր վրա, ինչի մասին ամբողջ գյուղն է ասում:
Եթե ամփոփելու լինեք Ձեր ազատազրկման երկուսուկես տարին ի՞նչ եզրահանգման կգաք:
Դե 2,5 տարի անիմաստ նստել եմ, սակայն չեմ կորցրել հպարտությունս, չեմ խոնարհվել եւ չեմ խոնարհվելու:
Զրուցեց` Հեղինե Մանուկյանը
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























