Ապրիլի 24-ին  իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ կայցելեն մինչեւ ժամը 13.00-ն՝ ուղեկցելով Հայաստանում գտնվող պատվիրակություններին: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մյուս կուսակցությունների անդամ պաշտոնյաները եւս, ովքեր պատվիրակությունների են կցված, կուղեկցեն արտասահմանյան հյուրերին:

Ինչ վերաբերում է կուսակցության մակարդակով Ծիծեռնակաբերդ այցելությանը, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները ժամը 14.00-ին կհավաքվեն Մարզահամերգային համալիրի դիմաց եւ կգնան Ծիծեռնակաբերդ: «Ժառանգության» ներկայացուցիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ժամը 15.30-ին, կհավաքվեն Կիեւյան կամրջի վրա: Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ժամը 17.00-ին կհավաքվի Կիեւյան կամրջի սկզբնամասում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, նախատեսված է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: Հայ  հեղափոխական դաշմակցության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ կայցելեն ապրիլի 24-ին՝ երեկոյան ժամը 22.00-ին՝ ջահերով երթի ժամանակ, իսկ պատգամավորները կայցելեն նաեւ առավոտյան: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Ծիծեռնակաբերդ կայցելի ժամը 18.30-ին:

Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը Ծիծեռնակաբերդ կայցելի ժամը 15.00-ին:

Նշենք, որ ապրիլի 24-ի վաղ առավոտյան ավելի քան 60 պաշտոնական պատվիրակություններ, ինչպես պետական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների մակարդակով, կայցելեն «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր:

Ժամը 11.00-ին «Ծիծեռնակաբերդում» կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման արարողությունը: Այս տարի քաղաքացիների համար մուտքը հուշահամալիր հնարավոր կլինի ժամը 13.00-ից: Ցանկալի է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր այցը նախատեսել  ավելի ուշ ժամերի: