Թուրքիայի շահեկան աշխարհագրական դիրքը քողարկում է կարեւոր հարցեր, այդ թվում եւ՝ հայկական հարցը լուծելու վերջինիս անընդունակությունը: Այդ մասին իր «Երբ պետությունը թուլանում է» հոդվածում գրում է թուրքական Today’s Zaman թերթի սյունակագիր Ալի Ասլանը: Հոդվածում ասվում է.
«Թուրքիան՝ Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարությամբ, անկում է ապրում: Առկա է հարցերի մի ամբողջ շարք: Եկենք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում հայկական հարցի հետ: Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը չի իմանում՝ ինչպես վարվել եւ ինչ անել: Այն ամենը, ինչ նրանք անում են, արգելափակում է գործընթացը: Քրդական հարցի վերաբերյալ անվճռականություն եւ այդ նույն անվճռականությունը՝ կապված հայկական հարցի հետ: Պակասում է մտքի եւ դիվանագիտական հմտությունների խորությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում միջազգային ճնշումը նվազագույնի հասցնելու ոսկե հնարավորությունը բաց թողնվեց 6 տարի առաջ: ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չհաջողվեց: Սուաթ Քինքլինօղլուն, ով այն ժամանակ ներգրավված էր գործընթացքում, որպես վերոնշյալ կուսակցության կողմից պատգամավոր, անհաջողության պատճառ է համարում կառավարությունում առկա անհամաձայնությունը: Ըստ թվիթերում արված նրա գրառումների՝ այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը չէր ցանկանում, որպեսզի գործընթացն ավարտվեր, միայն այն պատճառով, որ դափնիների կարժանանար նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նման վարքագիծը զարմանալի չէ:»
Դրանից հետո Անկարան խորապես անհանգիստ էր, թե համաշխարհային ասպարեզում ինչ տեղի կունենա իրադարձությունների հարյուրամյա տարելիցին: Փորձելով թուլացնել լարվածությունը՝ անցած տարվա ապրիլի 24-ին այն ժամանակ դեռ վարչապետ Էրդողանը հանդես եկավ ցավակցական ուղերձով: Դա ճիշտ քայլ էր, սակայն դրան չհետեւեցին մյուսները, որոնք կգրավեին միջազգային հանրության ուշադրությունը:
Պապին ընդունելը բավարար չէ
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Քրիստոնյա աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Թուրքիայի նոր պալատում (որը Թուրքական կառավարության պնդմամբ կառուցվել էր Թուրքիայի նկատմամբ հարգանք ներշնչելու նպատակով) հյուրընկալվելուց 5 ամիս անց հիշատակեց «ցեղասպանություն» բառը:
Սա նշանակում է, որ դիվանագիտությունը շքեղ պալատների կառուցումից ավելի լավը չի դառնում: Տպավորություն եւ հեղինակություն ստեղծում են հետեւողական քաղաքականությունը, կառուցողական քայլերն ու մշակված փաստարկները: Սակայն ի՞նչ կարելի է սպասել պետությունից, որտեղ առաջնորդներն ամենատաղանդավոր փորձագետներին ուղարկում են քաղաքական ու անձնական դրդապատճառներով:
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին որոշումը Անկարայի դիվանագիտական թուլության եւս մեկ կողմնակի արդյունք էր: Եվրամիությանն անդամակցության գործընթացը սառեցվեց, երբ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ստեղծեց հակաժողովրդավարական կառավարություն: Եվրոպացի գործիչների հետ հանդիպումներում այդ կուսակցության ներկայացուցիչները հիմնականում խոսում են այսպես կոչված «զուգահեռ» վտանգի մասին (հայերի, հույների եւ այլոց 5-րդ շարասյուների մասին՝ խմբ.): Ուստի նրանք ընդունակ չեն արծարծել երկրի իրական խնդիրները:
Այժմ բոլորը նայում են ԱՄՆ-ի կողմ: Ապրիլի 24-ի իր ուղերձում Բարաք Օբաման կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը: Իսկ կոնգրե՞սը: ԱԶԿ-ն զբաղված է ԱՄՆ-ում «Հիզմեթ» շարժման «վհուկների որսով»: Հայկական հարցն ու առեւտրային հարաբերությունների բարելավումը առաջնահերթություն չեն համարվում: Ցավոք, Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատունը վերածվել է ԱԶԿ-ի բաժանմունքի:
Դեսպանատունը «Հիզմեթը» վարկաբեկելու նպատակով արշավներ է կազմակերպել՝ ի վնաս իրեն: Նրանք այլեւս ի վիճակի չեն իրենց հույսը դնել ԱՄՆ քաղաքացիական հասարակությունում ամենազդեցիկ թուրքական խմբի հետ ծանոթության վրա: Բացի այդ, ամերիկացիները կարող են մտածել, որ երկիրը, որը սպառնում է իր իսկ քաղաքացիներին, խախտում է նրանց իրավունքներն ու խտրականություն է բանեցնում, 100 տարի առաջ լիովին կարող էր իրագործել հայերի ցեղասպանությունը»:




























