Հայոց ցեղասպանությունը չի կարելի հավասարեցնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորուստների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Միդլսեսսի համալսարանի (Լոնդոն) պրոֆեսոր, Լեյդենսի համալսարանի միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը:
«Մենք պետք է Թուրքիայի համոզենք՝ փոխել դիրքորոշումը: Դա կարող է տեղի ունենալ արտաքին ճնշմամբ, ես նկատի չունեմ Թուրքիայի նկատմամբ անտեղի ճնշումները, այլ գիտակցությունը, որ համաշխարհային հանրության կարծիքը կփոխվի այնպիսի իրադարձությունների արդյունքում, ինչպիսին է մի քանի օր առաջվա Հռոմի Պապի հայտարարությունը»,- նշեց Ուիլյամ Շաբասը:
Միաժամանակ, պրոֆեսորի խոսքով, անհրաժեշտ է խրախուսել հենց Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունները, որպեսզի թուրքական հանրությունը գիտակցի, որ իր շահերից է բխում անցյալի ճշմարտության ճանաչումը:
Անդրադառնալով 1915 թվականի իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությանը, Ուիլյամ Շաբասն արձանագրեց, որ դրանում բացակայում էր Հայոց ցեղասպանության հատուկ բնույթի ճանաչումը: «Այո, բազմաթիվ թուրքեր են զոհվել եւ տանջանքների դատապարտվել, բայց դա չի կարելի է համեմատել Հայոց ցեղասպանության հետ, եւ մենք չենք կարող այդ ճշմարտությունը թաքցնել Առաջին աշխարհամարտի անվան ներքո»,- ընդգծեց պրոֆեսորը:




























