Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական iTele հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես մտադիր եմ հանրաքվե անցկացնել, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի»,-հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ ՈՒկրաինայի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին «ֆունդամենտալ խնդիր է»:
Միաժամանակ Պորոշենկոն համաձայնել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար պետք է համապատասխանել որոշակի պայմանների: Այդ առթիվ նա հստակեցրել է, որ Ուկրաինան զինված ուժերի անհրաժեշտ արդիականացում է իրականացրել:
«Հնարավոր է, դա լինի ոչ ՆԱՏՕ-ի ձեւաչափով, հնարավոր է, Եվրոպան մի քանի տարի անց ունենա սեփական հավաքական անվտանգության համակարգը»,-ասել է Ուկրաինայի նախագահը: Ցանկացած դեպքում՝ նա համարում է, որ Եվրոպայի անվտանգության վերաբերյալ նախկին միջազգային պայմանավորվածությունները չեն աշխատում:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ համագործակցությունը «փակված էջ» է համարում երկրի պատմության մեջ, Պորոշենկոն պատասխանել է. «Հարեւաններին չեն ընտրում: Մենք պետք է սովորենք խաղաղությամբ ապրել ռուս ժողովրդի եւ ռուսական պետության հետ»:




























