Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 22-ի երեկոյան երկօրյա պետական այցով ժամանել է Վրաստան: Նրան դիմավորելու գնացած Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բեւոչաշվիլին հայտարարել է, որ վրաց-բելառուսական հարաբերություններում նոր փուլ է սկսվում:

«Բելառուսի նախագահի այցը շատ կարեւոր է: Կարող եմ ասել, որ երկկողմ հարաբերությունների նոր փուլ է սկսվում… Մեր երկխոսության խորացումը կարեւոր նշանակություն կունենա: Բելառուսը երկիր է, որը հավատարիմ է տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչը շատ կարեւոր է Վրաստանի համար»,-նշել է Բերուչաշվիլին:

Լուկաշենկոն ապրիլի 22-ին որդու հետ ծաղիկ է դրել անհայտ զինվորի հուշարձանին: Նրան ուղեկցել են Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիդ Պատարայան, անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

Բելառուսական պատվիրակության կազմում են կառավարության անդամներ եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Մոտ 40 բելառուսական եւ շուրջ 200 վրացական ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցում են երկկողմ ներդրումային խորհրդաժողովին:

Այդ քննարկման ընթացքում կողմերը ստորագրել են 4 մլն դոլար ընդհանուր արժեքով 5 պայմանագիր: Նոր նախագծերը վերաբերում են մեքենաշինության, նավթաքիմիայի եւ սննդի ոլորտներին:

Այսօր՝ ապրիլի 23-ին, Լուկաշենկոն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ: