Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված հարյուրավոր վիրահայեր այսօր` ապրիլի 23-ին, չնայած տեղատարափ անձրեւին, ուղիղ կապով հետեւեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանութան նահատակների սրբադասման արարողությանը, որից հետո ջահերով երթ անցկացրին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:
Վիրահայերը ջահերով քայլեցին դեպի Թուրքիայի դեսպանատում` «ճանաչում, Թուրքիա՝ մարդասպան» վանկարկելով։
«Կարող եմ ասել, որ գոնե վերջին 10-12 տարիներին վիրահայերը այսպես աշխույժ եւ հետաքրքրված են: Այսօր երեկոյան ջահերով երթը և վաղվա ցույցը Թուրքիայի դեսպանատան մոտ և նման միջոցառումների նպատակն է ցույց տալ, որ մենք հիշում ենք, պահանջում ենք, տեր ենք կանգնելու և ստանալու ենք այն ամենը, ինչ պահանջում ենք»,- NЕWS.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի առաջնորդարանի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Նարեկ Քահանա Ղուշչյանը:
Նրա խոսքով` Վրաստանում ապրող թուրքերն և ադրբեջանցիները պատրաստվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները խոչընդոտել:
«Որոշ տեղեկություններ ստացել ենք մամուլից և հեռուստատեսությունից, որ ինչ-որ խոչընդոտներ են ուզում առաջացնել, բայց կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում, և մենք ինչ ենք անելու: Խոչընդոտները միշտ էլ եղել են և կլինեն: Նրանք տեսան, որ մենք 100 տարի հետո էլ կանք և ձայն ենք բարձրացնում, ամբողջ աշխարհում ևս եղան մարդիկ, որոնք ասացին, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և պիտի դատապարտվի»,- աաց Տեր Նարեկը:



































