Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտության հարցերով ենթակոմիտեն չի կարող զբաղվել ղարաբաղյան հակամարտության հարցով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ Հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը։

Նա նշեց, որ նորմալ է գնահատում այդ կոմիտեի ստեղծումը, սակայն պետք է նշել, որ ԼՂՀ-ում սառեցված կոնֆլիկտ չկա։ «Երբ ամեն օր ադրբեջանական բանակը իրականցնում է դիվերսիաներ եւ զոհվում են զինվորներ, ինչպես կարելի է ԼՂՀ-ն դասել սառեցված հակամարտություններին շարքին։ Կարծում եմ՝ մյուս հակամարտությունների մասով գուցե դա ինչ-որ բան տա, բայց ոչ Ղարաբաղի մասով, այն կարող է միայն վերլուծական եւ տեղեկատվական բնույթ կրել, քանի որ հիմնական մասը վերապահված է Մինսկի խմբին, կապրենք, կտեսնենք»,-ասաց Վահան Բաբայանը։

Պատգամավորն ասաց, որ ԵԽԽՎ-ում հակամարտության հարցերով ենթակոմիե ստեղծելու իմաստն այն է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն հաշվի կնստի անկախ Արցախի հետ։ «Կցանկանայի շեշտել, որ ԵԽԽՎ-ն պետք է Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակով վեհաժողովին անդամություն տա, ինչպես տվել է օրինակ Պաղեստինին, քանի որ Պաղեստինն էլ չճանաչված պետություն չէ, բայց մասնակցում է վեհաժողովին, եթե չտվեց, ապա ստացվում է, որ նրանք առաջնորդվում ենք երկակի ստանդարտների քաղաքականությամբ»,-ասաց Վահան Բաբայանը։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կստեղծվի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտության հարցերով ենթակոմիտե: Այն հիմնականում կզբաղվի Ղարաբաղյան, Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի, հյուսիսային Կիպրոսի, Մերձնեստրի եւ Ղրիմի հակամարտություններով, ինչպես նաեւ Ղրիմի եւ Ուկրաիային իրավիճակի հետ կապված հակամարտությամբ: