Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոման Համարբերգը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անվիճելի է:

«Եթե ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան գոյություն ունենար 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կդիտարկվեին որպես ցեղասպանություն»,- Twitter-ում գրել է իրավապաշտպանը:

20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Ապրիլի 24-ին հայերն ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ իրագործված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որն ավելի քան 1.5 մլն մարդու կյանք խլեց:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թվականին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: