Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթանում է 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Այս տարի հազարավոր մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սկսվում է ժամը 13.00-ին:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան են այցելել 4 երկրների նախագահներ (Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբի եւ Կիպրոս), 60 երկրներից պաշտոնական պատվիրակություններ: Հյուրերի ընդհանուր թիվը հասնում է 600-ի: ԱՄՆ նախագահական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն:

Երեւան են ժամանել նաեւ կրոնական կառույցների հոգեւոր առաջնորդներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից։ Առաջինը 1965թ. դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետեւեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուեալան, Արգենտինան եւ ԱՄՆ 42 նահանգ։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։