Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ լիագումար նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայոց ցեղասպանության մասին քննարկումների հաջորդ փուլն անցկացնել ապրիլի 30-ին։ Նիստի օրակարգում դրված թեման կոչվում էր «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։
Բանաձեւի նախագծեր էին ներկայացրել ինչպես իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն ու Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցությունները, այնպես էլ Գերմանիայի սոցիալիստական կուսակցության, Ձախերի ու Կանաչների ներկայացուցիչները։ Մեկ ժամից ավել տեւած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել բոլոր այդ խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում օգտագործեցին ցեղասպանություն բառը։
Նշենք, որ իշխող կոալիցիայի բանաձեւի տեքստում ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ եւ բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմում Ձախերի եւ Կանաչների բանաձեւի տեքստում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է։





























