Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր տարածել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետեւյալ մամուլի հաղորդագրությունը`
«Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար եւ հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», - ընդգծել է գլխավոր քարտուղարը:
«Ես կիսում եմ ավելի քան մեկ եւ կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների եւ հետնորդների վիշտը»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Խիզախության եւ դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը եւ բարդությանը, որոնց այսօր առերեսվում է աշխարհը»,- հայտարարել է նա:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի աշնանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նիստին, որը տեղի կունենա Երեւանում ս/թ. հոկտեմբերի 30-ին եւ 31-ին:
Նշենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012թ.-ից ի վեր:




























