Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն կարող է խաղաղություն հաստատել հայ-թուրքական հարաբերություններում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շվեյցարիայից Հայաստան ժամանած ազգությամբ հայ Սեւան ֆիլիպ Փիրսոնը:
«Անցած տարի Նյու Յորքում մասնակցում էի մի գիտաժողովի, որի ժամանակ հայոց ցեղասպանության թեմայով զրուցեցի ազգությամբ թուրք մի աղջկա հետ: Նա ասաց, որ ինքն էլ է պայքարում հայոց ցեղասպանության ճանաչման համար, սակայն, չի կարծում, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Անձամբ ես այդպես չեմ կարծում, ես ավելի լավատես եմ եւ կարծում եմ, որ Թուրքիան ընդունելու եւ ճանաչելու է հայոց ցեղասպանությունը»,- ասաց Սեւան Փիրսոնը:
Նրա խոսքով՝ Ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ. ըստ նրա ամբողջ միջազգային հանրությունը պետք է պայքարի ցեղասպանության ճանաչման համար:
Նշենք որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Շվեյցարիայից 8 հոգանոց պատվիրակություն է ժամանել, որոնցից 8-ը խորհրդարանականներ են:




























