ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած քաղաքական ուժերի հանդիպումները շարունակվում են, հաջորդը կկայանա հինգշաբթի օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի դրանից, հանդիպումներ են ընդամենը, գործնական ակնկալիքների մասին խոսք լինել չի կարող: Պ. Հայրիկյանն ասաց, որ հանդիպումների շրջանակը կարող է ընդարձակվել, քանի որ մի շարք ուժեր ասել էին, թե ցանկանում են ավելի զուսպ լինել մինչեւ ապրիլի 24-ը, իսկ այժմ կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ հնարավոր է մասնակցեն հանդիպումներին:
Առայժմ այդ հանդիպումներին մասնակցում է Պահպանողական, «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ԱԻՆ-ը եւ ՀՀՇ-ն: «Առայժմ հանդիպում ենք, օրակարգ է բաժանված որպես նախագիծ, ամեն ոք կարող է նախագիծ ներկայացնել հանդիպումների ժամանակ, որը հաջորդ նիստում պետք է քննարկվի»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Իսկ թե ինչքան կարող են տեւել հանդիպումները, նա նշեց՝ «բավական երկար»: Պարույր Հայրիկյանը իրեն բավարարված է զգում, քանի որ իր նախաձեռնած հանդիպումները կայանում են, իսկ անհրաժեշտության դեպքում ուժերը հանդես կգան միասնաբար:
Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախաձեռնել էր արտախորհրդարանական մի շարք ուժերի հանդիպումների շարք: Սկզբնապես դրանց մասնակցում էին 7 ուժեր՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Սակայն «Հիմնադիր խորհրդարանը» եւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել են դրանց այլեւս չմասնակցելու մասին:





























