Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվի տեղական հանրաքվե համայնքների խոշորացման վերաբերյալ:
Տեղական հանրաքվե կանցկացվի Լոռիի, Սյունիքի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում, ձեւավորվել է 34 տեղամասային կենտրոն: Հանրաքվեի արդյունքները կամփոփվեն դրանից հետո 5-րդ օրը՝ մայիսի 22-ին:
Նշենք, որ կառավարության՝ մարտի 19-ի նիստում որոշում է կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան:




























