ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 28-ին մասնակցել է «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, պետական ու հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ պրոբացիոն ծառայության ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված է ինչպես ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում:
Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը գործընկերների հետ արդեն իսկ մշակել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը հանրային լայն քննարկումներ անցնելուց հետո լրամշակվել եւ ներկայացվել է ՀՀ կառավարություն:
«Հանրային կարծիքը կարեւոր գործոն է որոշումներ կայացնելիս: Մենք ոչ միայն ականջալուր ենք լինելու դրանց, այլեւ ինքներս ենք խթանելու հանրային կարծիքի արտահայտումը. արդյունքում կունենանք հանրության կողմից առավել ընդունելի, լեգիտիմ որոշումներ»,-ընդգծել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես ԵԱՀԿ-ին՝ պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը կարեւորել է նման հանդիպումների կազմակերպումը եւ հույս հայտնել, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կնպաստեն Կառավարության ջանքերին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությամբ ստեղծելու արդյունավետ պրոբացիոն ծառայություն:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը միջոցառմանը մասնակցելու համար եւ ընդգծել, որ պրոբացիայի հաստատությունը քրեական արդարադատության կարեւոր բաղադրիչներից է:
«Հույս ունենք, որ զեկույցում ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի օրենսդրական դաշտի, ինչպես նաեւ միջազգային փորձի վերլուծությունը, լավ հիմք կհանդիսանան համատեղ ջանքերով պրոբացիոն ծառայություն ստեղծելու համար»,- ասել է ՀԿ նախագահը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հետազոտությունում առկա եզրակացությունները, Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդրման ռազմավարության հեռանկարները:
«ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ուղղված է քրեակատարողական համակարգում բարեփոխումների հեռանկարներին եւ Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրմանը:





























