Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 30-ամյա Վահան Ստեփանյանը 3 տարի կանցկացնի բանտում նույն մարզի բնակչուհի, հոգեկան խնդիրներ ունեցող 24-ամյա Արաքսյա Մկրտչյանի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Այսօր՝ ապրիլի 28-ին, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ամբաստանյալի պաշտպան Արտակ Գարոյանի՝ առաջին ատյանի սահմանած պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ քրեական գործը նույն դատարան հետ ուղարկելու եւ այլ կազմով քննելու պահանջով բողոքը՝ ուժի մեջ թողնելով կայացված որոշումը։
NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպանը նշեց, որ դժգոհ է Վերաքննիչի կայացրած որոշումից, քանի որ ամբաստանյալի եւ Արաքսյա Մկրտչյանի միջեւ նախնական պայմանավորվածություն է եղել, իսկ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել նրա հոգեկանն վիճակի մասին։
«Դաժան բան եղավ, վերջում ես հայտարարությամբ հանդես եկա, որ ինքը տեղյակ չի եղել այդ աղջկա հոգեկան խանգարումների մասին։ Խայտառակ բան է, անձը լրիվ ադեկվատ վարք է դրսեւորում, պահպանակ է, էս է, էն է, պայմանավորվում են, որ պետք է լինի սեքս, հետո ինչ-ինչ պատճառներով դու դառնում ես բռնաբարող»,-ասաց պաշտպանը։
Արտակ Գարոյանը նշեց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, սակայն մեծ հույսեր չունի, որ դատավճիռը կփոփոխվի։
Վահան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Վահան Ստեփանյանը «օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Արաքսյա Մկրտչյանի հետ, որը ի ծնե տառապել է «Մտավոր հետամնացություն, վարքագծի խանգարում, ուշադրության պակասություն» հիվանդությամբ, եւ առաջարկել է հանդիպել: Արաքսյա Մկրտչյանն ընդունել է առաջարկը և պայմանավորվել են հանդիպել Արմավիր քաղաքի «Մանուշակ» կոչվող մանկապարտեզի մոտ: Արաքսյա Մկրտչյանի հետ սկզբում հեռախոսով, իսկ հետո նաև նրան պոմպակայան տանելու ճանապարհին անմիջական շփման ընթացքում Վահան Ստեփանյանը հասկացել է Արաքսյա Մկրտչյանի հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը, սակայն անտեսելով դա և օգտվելով Արաքսյա Մկրտչյանի անօգնական վիճակից, պոմպակայանի պահակատանը բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Վահան Ստեփանյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով, որը վերջինը պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:





























