Ապրիլի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Լեւոն Գրիգորյանի համար կանչվել է շտապօգնություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ դատապարտյալին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, նախնական ախտորոշմամբ՝ հայտնաբերվել են ինֆարկտի նախանշաններ: Այժմ վերջինս հետազոտություններ է անցնում:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իրարանցում է եղել: Իսկ պատճառն այն է, որ դատապարտյալներից մեկի վիճակը կտրուկ վատացել է: Պարզեցինք, որ իրեն վատ զգացած դատապարտյալը եղել է ավազակային հարձակման համար դատապարտված Լեւոն Գրիգորյանը, որի պատժի կրելու ավարտին մնացել է 1 տարի 7 ամիս:
Մեր տեղեկություններով՝ մինչ բժշիկների տեղ հասնելը, դատապարտյալի խցում են եղել «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի տեղակալները: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոց:





























