«Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ին նախապես հայտարարված գործողություններին չդիմեց ուժերի մոբիլիզացիայի բացակայության պատճառով: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ դա, այնուամենայնիվ, չի նշանակում, թե իշխանափոխության գործընթացը տեղի չի ունենալու:
«Մենք այն ուժն ենք, որը չի խուսափում ինքնաքննադատությունից: Արձանագրում ենք, որ ապրիլի 24-ին մոբիլիզացիան տեղի չունեցավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Մենք գիտակցում էինք, որ այդ փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենալու: Բայց եւ հայտարարում ենք, որ այդ փուլի չիրականանալը չի նշանակում, թե այդ գործընթացը չի իրականանալու. պարզապես կան որոշակի մարտավարական ճշգրտումներ»,- ասաց նա:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ իշխանությունները վերջին ամիսներին մարդկանց մոտ ստեղծել էին վախի, սարսափի մթնոլորտ, ինչի հետեւանքով էլ տեղի չունեցավ մոբիլիզացիան, իսկ իրենք թերացել են, քանի որ կանխատեսելով հանդերձ չեն կարողացել կանխել ադ մթնոլորտի ստեղծումը. «Սրանք մեր թերացումներն են, և մենք ընդունում ենք դրանք: Երբ ժողովուրդը բավարար մոբիլիզացված չէ, մենք չենք կարող մեզ թույլ տալ անցնել տարբեր գործողությունների: Երբ լինի այդ մոբիլիզացիան, մենք կանցնենք հստակ գործողությունների»:
Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իշխանափոխության ծրագիրն իրականացնելու հետ մեկտեղ իրենց համար ամենակարեւոր խնդիրներից մեկը «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին ազատության մեջ տեսնելն է:
Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ իրենք քաղաքապետարանից փորձել են թույլտվություն ստանալ մինչեւ մայիսի 10-ը Երեւանի կենտրոնում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ, սակայն իրենց առաջարկել են Էրեբունի թանգարանին հարակից հրապարակը:
«Քաղաքապետարանն առանց բացատրության թույլ չի տալիս հանրահավաքներ անել մայրաքաղաքի կենտրոնում: Մենք մինչեւ այսօր համբերությամբ ենք վերաբերվել այդ մոտեցումներին, բայց սա ցանկացած քաղաքացու տարրական իրավունքն է, անհիմն մերժումներն այլեւս չենք ընդունելու»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ իրենք փորձելու են թույլտվություն ստանալ մայիսի 10-ից հետո մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, եւ եթե կրկին արգելվի, կտրուկ քայլերի կդիմեն:
Նախատեսված հանրահավաքը, Ալեք Ենիգոմշյանի խոսքով, «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին ազատելու պահանջով կլինի, նա հորդորեց այդ օրը որեւէ «արտառոց բանի» կամ հանգուցալուծման չսպասել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել էր, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմանում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն էր տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























