Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին եւ այլ քաղաքական գործիչների լուրջ սպառնալիք ընկալի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդհանուր առմամբ, երեւի նման վստահության մակարդակով, հայտնիությամբ, նման էլեկտրոալ վարկանիշով նախագահը դժվար թե այլ քաղաքական գործիչներին որպես սպառնալիք ընկալի»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի «Առաջընթաց» կուսակցությունը գրանցելու մերժումը, որը տեղի է ունեցել ապրիլի 28-ին:

Իր հերթին, ՌԴ արդարադատության նախարարությունում նշել են, որ «Առաջընթաց» կուսակցությունը չի կատարել «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի պահանջները: Նավալնին արդեն բողոքարկել է այդ որոշումը:

Նշենք, որ ապրիլի 17-ին հայտնի է դարձել, որ «Առաջընթաց» կուսակցությունը որոշել է միավորվել «ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ»-ի հետ: Իր բլոգում Նավալնին նշել է, որ կողմերը փաստացի քաղաքական դաշինք են ստեղծում, որը թույլ կտա պահպանել գոյություն ունեցող կառույցները:

Ավելի ուշ այդ գաղափարը պաշտպանել է «Բաց Ռուսաստան» ՀԿ-ի վարչության նախագահ Միխայիլ Խոդորկովսկին: