«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որը 10 օրից ավելի է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գևորգ Սաֆարյանի պաշտպան Հայկ Գրիգորյանը։
«Երեկ եմ այցելել, վիճակը բավարար է, մի քիչ թուլություն ունի: Նա մտադրություն չուներ հացադուլը դադարեցնելու, մի քանի օր էլ դեռ կշարունակի»,- ասաց պաշտպանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել էր, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմանում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն էր տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























