Սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Ժառանգության» դիրքորոշումները վաղուց հայտնի են, եթե ներկայացված պահանջներն ընդունվեն, կլինեն նաեւ առաջարկներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա նշեց, որ բազմիցս այդ մասին հայտարարել են լրատվամիջոցներով, դրանց մասին կա նաեւ իրենց նախընտրական ծրագրում, դեռ մեկ տարի առաջ էլ մեծ ֆորում էին կազմակերպել եւ ներկայացրել իրենց դիրքորոշումները: Թեւան Պողոսյանն ասաց, որ եթե իրենց պահանջները ընդունվեն, ապա իմաստ կլինի առաջարկներ ներկայացնել, առայժմ սակայն որեւէ արձագանք չկա: «Առաջարկները ներկայացրել են նախագահի հետ հանդիպմանը, եթե կլինի արձագանք, կլինեն քայլեր»,-ասաց Թեւան Պողոսյանը:
Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ մի բան են առաջարկությունները, համաձայնությունը, մյուսը՝ հանրաքվեի անցկացման մեխանիզմները, որքանով են դրանք վստահություն ներշնչում ՀՀ քաղաքացուն, որ կընդունվեն այն որոշումները, որոնց օգտին ինքը քվեարկել է: Պատգամավորն ասաց, որ այժմ որեւէ կուլիսային քննարկում սահմանադրական բարեփոխումների հետ կապված չկա, ինչ եղել է, եղել է հրապարակային:
Նշենք, որ «Ժառանգությունը» հայտարարել է, թե ոչ լեգիտիմ իշխանությունը իրավունք չունի բարեփոխումներ անել: «Նախագահական ինստիտուտն էլ վերանա եւ անցնի պառլամենտական համակարգը եւ ինքը հրաժարական տա, կնշանակվեն նոր համապետական ընտրություններ, սա կոնկրետ առաջարկ էր, որը մերժվել էր: իշխանությունների կողմից: Մենք առաջարկել էինք «Ընտրական օրենսգրքի» մի շարք դրույթներ հանել, խոսքը քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակայնացնելու եւ 100 տոկոս համամասնականին անցնելուն է վերաբերում: Մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններին ընդառաջ օրենքներ ընդունել, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալ, այդ ամենը չի արվել, էլ ի՞նչ փաստարկ է ուզում: Եթե այդ առաջարկությունները չեն ընդունվում, նշանակում է՝ իշխանությունը հետին մտքեր ունի եւ բացարձակապես դրական բարեփոխումներ կատարելու խոսքերը կապ չունեն իրականության հետ»,-ասել էր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:



























