Կարեն Մկրտչյանը, որը, ըստ մեղադրանքի, սպանել է Կարինե Սոբչենկոն իրեն բռնաբարելու փորձ կատարելու համար, դեպքի օրը հարբած է եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով վկա, Երեւանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում ամբաստանյալի հարեւանությամբ վարձակալությամբ բնակվող Գագիկ Հովհաննիսյանը։
«Կարենն ասեց՝ երկու օրով պետք է իմ սենյակում մնա, ուրիշ սենյակ չկա, Լեննականցի տղա էր, ասեցի մնա։ Էդ օրը իրար հետ երկու շիշ խմել էինք, թոք ու ջիգյար էր բերել, հաց կերանք, խմեցինք, հետո պառկեցի քնելու, շոգ օր էր։ Հետո արթացա Կարինեի ճվճվոցներից, ասում էր՝ էդ ու՞մ էիր ուզում կոխեիր, նայի՝ ով ում կոխեց։ Տեսա Կարենը լրիվ արյունակալած էր, հասավ դռանը, ասեց՝ ես քեզ տենց բան չեմ ասել, չոքեց, ու գլուխը կախեց։ Կարինեի ձեռքի դանակը տեսա, բայց խփելու մոմենտը չեմ տեսել։ Հետո տանտիրոջ՝ Խաչիկի կինը շտապօգնություն կանչեց, եկան Կարենին տարան»,- պատմեց վկան՝ ավելացնելով, որ Կարենի կողմից այդ 2 օրերի ընթացքում Կարինեին «նեղացնելու» փորձեր չի նկատել, եթե նկատեր, կսաստեր Կարենին, քանի որ Կարինեն ամուսնացած կին էր։
Վարձակալությամբ Կարինե Սոբչենկոյին եւ Գագիկ Հովհաննիսյանին սենյակ տրամադրած տան տիրոջ կինը՝ Դիանա Մարգարյանը, եւս ցուցմունք տվեց դատարանում՝ նշելով, որ շատ լավ է ճանաչում Կարինե Սոբչենկոյին, քանի որ նա մոտ 7 ամիս իրենց սենյակներից մեկում է ապրել։
«Ես դեպքը չեմ տեսել, ամուսինս գոռաց՝ շտապօգնություն կանչի, կանչեցի, հետո իջա, տեսա Կարենը գետնին պպզած, գլուխը կախած, հազիվ շնչում էր, ինչ-որ խռխռոց էր գալիս, ալկոհոլի հոտ էր գալիս վրայից, բժիշկներն էլ ասեցին, որ խմած ա։ Կարինեն սենյակի դռան մոտ էր կանգնած, հետը չեմ խոսել»,- պատմեց վկան։
Սակայն մեղադրող Երիցյանը հրապարակեց վկայի նախնական ցուցմունքը, որում նա պատմել է. «Մոտեցա Կարինեին, ասեց՝ Կարենին դանակով խփել եմ, ուզում էր ինձ բռնաբարեր, հետո շատ հարցեր չտվեցի, հուզված էր»։
Ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:





























