Երեւանի բնակչուհի, 35-ամյա Նարինե Նիկողոսյանը, որը Արցախի 60-ամյա բնակիչ Էդիսոն Ադյանին մեղադրում է իր նորածին երեխային առեւանգելու մեջ, այսօր՝ ապրիլի 29-ին, Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր բերել, որով պահանջում էր վերանայել նախաքննություն իրականացրած քննիչների գործողությունների դեմ իր բողոքը մերժելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Մենք գտնում ենք, որ Արաբկիրի դատարանը բողոքն այդպես էլ քննության չի առել։ Այն հանգամանքները, որ մենք նշել էինք, որոշման վրա չի ազդել, դատարանը միայն նշել է. որ սա քաղաքացիաիրավական գործ է եւ քրեաիրավական գնահատական արարքին հնարավոր չէ տալ։ Մենք պահանջում ենք հեռախոսազանգերի վերծանությունը ուշադիր քննության առակա դարձնել, վերծանումներից հաստատվում է այն, ինչ որ Նարինեն ցուցմունքներում պնդում է։ Դա չեն իրականացրել ոչ քննիչները, ոչ առաջին ատյանի դատարանը։ Չի իրականացվել նաեւ ԴՆԹ փորձաքննություն, ինչը խախտում է, մենք ցանկանում ենք՝ Վերաքննիչը վերանայի այս ամենը»,- լրագրողների հետ զրույցում ասաց հայցվորի պաշտպան Անի Թորոսյանը։
Բողոքի հրապարակումից հետո խոսք տրվեց նաեւ Նարինե Նիկողոսյանին, որը դատարանին խնդրեց ԴՆԹ փորձաքննություն նշանակել, քանի որ այն կապացուցի, որ Էդիսոն Ադյանն իր երեխայի հայրը չէ եւ առեւանգել է նրան։ Սակայն հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը նման իրավասություն չունի։
Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանին ամբողջ ընթացքում հետաքրքրում էր այն հարցը, թե երեխային առեւանգելուց հետո տուժողն ինչու անմիջապես իրավապահ մարմիններին չի դիմել, այլ դա արել է 8 ամիս անց։
«Մարդու շունն է կորում, մի ժամ հետո լացելով ման է գալիս, բա ինչու՞ փողոցում առաջին պատահած ոստիկանին չասացիք՝ երեխայիս փախցրել են»,- հարցրեց դատավորը՝ ցանկանալով իմանալ, իրականում կողմերի միջեւ գործարք եղել է, թե ոչ։
Նարինե Նիկողոսյանը նշեց, որ երեխայի առեւանգումից հետո ինքը վատառողջ է եղել, իր ծանոթ բժիշկը վստահեցրել է իրեն, որ երեխային շուտով կբերեն, իսկ իրավապահ մարմիններին անմիջապես չի դիմել, քանի որ փաստաբան չի ունեցել, իսկ Էդիսոն Ադյանի դրամական առաջարկից կտրականապես հրաժարվել է, քանի որ «ինքն այն կանանցից չէ, որ հրաժարվում են իրենց երեխաներից»։
Մեղադրողը պնդեց, որ բողոքը ենթակա է մերժման, քանի որ քննիչները կատարել են համապատասխան բոլոր գործողությունները, եւ նույնիսկ եթե ԴՆԹ փորձաքննությունը հաստատի, որ Էդիսոն Ադյանը չէ երեխայի հայրը, ապա կրկին առկա է հանցակազմի բացակայություն։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 15-ին։
Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան, որը եւս մերժվել է։





























