Հետազոտողները պարզել են, թե որքան ջուր, էլեկտրաէներգիա, ջերմություն եւ այլ ռեսուրսներ են անհրաժեշտ ավելի քան 10 մլն բնակչություն ունեցող քաղաքին: Գիտնականների աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է PNAS ամսագրում:

Եթե 1970 թվականին աշխարհում 10 մլն-ից ավելի բնակչություն ունեցող 8 քաղաք կար, ապա 2010 թվականին՝ արդեն 27, իսկ 2020 թվականին, ամենայն հավանականությամբ, նման քաղաքների թիվը կհասնի 37-ի: Այդպիսի մեգապոլիսներում ապրում է աշխարհի բնակչության շուրջ 6.7%-ը, սակայն քաղաքներն օգտագործում են աշխարհում արտադրվող էներգիայի 9.3%-ը:

Ըստ Gazeta-ի, ուսումնասիրության ընթացքում գիտնականները մի քանի անսպասելի փաստ են բացահայտել. Նյու Յորքն ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսում, քան Տոկիոն, չնայած դրա բնակչությունը ճապոնական մայրաքաղաքից 12 մլն-ով ավելի պակաս է: Տոկիոն նաեւ զգալի հաջողություններ է գրանցել ջրամատակարարման համակարգի արդյունավետության առումով. քաղաքը միայն 3% ջրի կորուստ է ունենում: Համեմատության համար նշենք, որ Ռիո դե Ժանեյրոյում կամ Սան Պաուլոյում ջրի կորուստները մինչեւ 50%-ի են հասնում: