Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերոնիկա Կոբալիան հերքել է իր անցյալի մասին տեղեկությունները, ըստ որոնց՝ ինքը պարել է ստրիպտիզ բարում:
«Դա սովորական լուսանկար է ուսանողական երեկոյից, սակայն դա որոշել են օգտագործել իմ դեմ: Ինչ-որ մեկը փորձում է նման ապատեղեկատվությամբ խանգարել իմ աշխատանքին, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվի»,- հայտարարել է Կոբալիան:
Նա նաեւ ապատեղեկատվություն է համարել լրատվամիջոցների տեղեկությունները, թե ինքն իբր չի աշխատել Կանադայի «Գլոբալ TV» հեռուստաընկերությունում եւ կեղծել է իր կենսագրությունը: «Այդ տեղեկությունը տարածվում է Ռուսաստանի պատվերով: Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանը չի ցանկանում Վրաստանի դիրքերի ամրացում, եւ որպեսզի նա դառնա ուժեղ երկիր, զարգանա տնտեսությունը, դրա համար էլ նման կեղտոտ մեթոդների է դիմում»,- ասել է նախարարը:
Կոբալիան ընդգծել է, որ եթե որեւէ մեկը կարծում է, թե նման ապատեղեկատվությունը կխանգարի իրեն, ապա «չարաչար սխալվում է»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վրացական, ապա նաեւ համաշխարհային լրատվամիջոցները տարածել էին մի լուսանկար, որտեղ Վերոնիկա Կոբալիան եւ նրա քույրը պարում են ստրիպտիզ բարում: Այդ լուսանկարը մեծ արձագանք է գտել հասարակության շրջանում:




























