2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ (մոտ 950 մլն դոլար), իսկ ծախսերը`383.2 մլրդ դրամ (մոտ 1 մլրդ դոլար), որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 110.3 և 92.6%-ը: Այս մասին նշված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 286.2 մլրդ դրամ (մոտ 745 մլն դոլար) և 11.7%-ով գերազանցել առաջին կիսամյակում ծրագրված մուտքերը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` նշված եկամուտներն աճել են 22.8% ով կամ 53 մլրդ դրամով (մոտ 138 մլն դոլար), ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով:

Հարկերի և տուրքերի կեսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 142.6 մլրդ դրամ (մոտ 370 մլն դոլար) և 36.1% ով կամ 37.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերի մոտ 65 տոկոսը ստացվել է սահմանին հարկումից։ Ի տարբերություն ԱԱՀ-ի, շահութահարկի մուտքերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 3,2 տոկոսով եւ կազմել 43,5 մլրդ դրամ (մոտ 110 մլն դոլար)։  Շահութահարկի մուտքերի նման կրճատումը օրինաչափ է եւ սպասելի էր։ Խնդիրն այն է, որ ընկերությունները շահութահարկի վերջնահաշվարկ անում են մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 25-ը։ Իսկ քանի որ մեր ընկերությունների զգալի մասը 2009 ճգնաժամային տարում խնդիրներ է ունեցել՝ տարին փակելով վնասներով կամ նվազ շահույթներով, 2010 թ. սկզբին այլեւս շահութահարկի գծով մուծումներ չի կատարել։