Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, պատվիրակության անդամ կրթության կոմիտեի անձնակազմի հետ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի Ալ. Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց։ 

Հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել ուսուցման պայմաններին, գրաֆոնդի ծավալին, ապա դպրոցի գրադարանին են նվիրել ռուս դասականների նորատիպ երկեր՝ շուրջ 300 գիրք։

Այնուհետ հյուրերը մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի եւ Սանկտ Պետերբուրգի Կալինինյան շրջանի հ. 619 միջնակարգ դպրոցների միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությանը։

Դպրոցի դահլիճում հյուրերը նաեւ ունկնդրել են աշակերտների մասնակցությամբ փոքրիկ համերգը, որից հետո պատվիրակության հանրակրթական ոլորտի անդամները մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի եւ Սանկտ Պետերբուրգի կրթության կոմիտեի ղեկավար Իրինա Բայկովայի ղեկավարությամբ անցկացվող կլոր սեղան-քննարկմանը։