Հայաստանը 2010 թ. առաջին կիսամյակում 2,5 անգամ ավելի միջոցներ է ծախսել պետական պարտքի սպասարկման նպատակով, քան 2009 թ. նույն ժամանակահատվածում։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Ընդհանուր առմամբ՝ պետական պարտքի սպասարկմանը հատկացվել է 14,7 մլրդ դրամ (մոտ 38 մլն դոլար)՝ նախորդ տարվա 5,9 մլրդ դրամի (15 մլն դոլար) համեմատ։ Հատկանշական է, որ ներքին պարտքի սպասարկման նպատակով կառավարությունն ավելի շատ է ծախսում, քան արտաքին պարտքի։ Այսպես՝ 7,8 մլրդ դրամը (20 մլն դոլար) տրամադրվել է ներքին, 6,9 մլրդ դրամը (18 մլն դոլար)` արտաքին պարտքի սպասարկմանը։

Առայժմ պետական պարտքի սպասարկումը պետական բյուջեում լուրջ տեսակարար կշիռ չի կազմում (ընդհանուր ծախսերի ընդամենը 3,8 տոկոսը), սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը մեծածավալ վարկեր է ստացել, իսկ ներքին շուկայում ավելացրել է պարտատոմսերի թողարկումը, առաջիկա տարիներին պետական պարտքի սպասարկումը բյուջեի համար լրջագույն բեռ կհանդիսանա։

Նշենք, որ 2010 թ. մարտի 1-ի դրությամբ՝ Հայաստանի պետական արտաքին պարտքը կազմում է 2,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,6 տոկոսով։