2013թ. հուլիսի 25-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած՝ Արարատ քաղաքի 65-ամյա բնակիչ Գյանջիրով Հովհանյանի գործով նոր քննություն է սկսվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի դուստրը՝ Գայանե Հովհանյանը: Նշենք, որ Գայանե Հովնանյանը չի հավատում հոր մահվան պաշտոնական վարկածին եւ պնդում է, որ հորը սպանել են քարի արտադրամասի տնօրենի որդիները՝ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանները, որտեղ աշխատում էր հայրը:
«Ապրիլի 27-ին Արարատի քննչական բաժնից նամակ եմ ստանում, որ նոր քննություն է սկսվել, եւ պետք է ներկայանամ քննչական բաժին, հակառակ դեպքում ինձ բերման կենթարկեն: Սակայն ես հրաժարվել եմ, քանի որ չեմ ցանկանում՝ քննությունը մեր մարզում անցկացվի: Վստահ եմ, որ մեր քննիչները գործը փակուղի են տանելու»,- ասաց Գայանեն՝ նշելով, որ ինքը պնդելու է, որ գործի քննությունն անցկացվի Երեւանում:
Գայանեն նշեց, որ քարի արտադրամասի սեփականատիրոջ մտերիմները, նաեւ քննչականի որոշ աշխատակիցներ չբողոքելու դիմաց իրեն 50 000 դոլար գումար են առաջարկել եւ բնակարան Երեւանում։
«Հետագայում որոշ փորձաքննությունների արդյունքներին զուգահեռ գումարի չափն ավելացավ: Արդեն իրենք էին հարցնում՝ ինչքան ես ուզում, բայց ես բազմիցս ասել եմ՝ ես իմ մեռելը չեմ ծախում»,-ասաց Գայանեն:
Գայանե Հովնանյանի խոսքով՝ մինչեւ վերջերս իրենց հետապնդել են, ինքը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո հետապնդումները դադարել են:
Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:





























