Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցի հարցով առաջիկայում նախաքննական մարմինը պետք է որոշում կայացնի՝ երկարացնել այն, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի վերջերին, դրանից մոտ 2 շաբաթ առաջ պետք է նախաքննական մարմինը որոշում կայացնի՝ կալանքը երկարացնել, թե ոչ: Դրանից էլ կախված է՝ կբողոքարկեն խափանման միջոցի հարցը դատական ատյաններում, թե ոչ: Կարեն Սարդարյանը չի ցանկանում կռահել, թե ինչպիսի որոշում կկայացնի նախաքննական մարմինը:
Փաստաբանն ասաց, որ մոտ 2 ամիս է՝ իր պաշտպանյալից տեղեկություն չունի, նա ծանր հիվանդ է, շտապ անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, մինչդեռ իրենց մերժել են տեղափոխել հիվանդանոց: Փաստաբանը այս ընթացքում հնարավորություն չի ունեցել ոչ նրան տեսնելու, ոչ զրուցելու: Կարեն Սարդարյանն ասաց, որ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի արվել իր պաշտպանյալի հետ:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին:




























