«Հիմնադիր խորհրդարանի» երկու տասնյակ անդամներ այսօր` մայիսի 1-ին, Հայաստանում քաղբանտարկյալների առակայության մասին իրազեկող կարճատև ակցիա անցկացրին Ազատության հրապարակում:
Ակցիայի մասնակիցները «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» գրությամբ և «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների, Շանթ Հարությունյանի լուսանկարներով պաստառները ձեռքներին մի քանի րոպե կանգնեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմացի հարթակին:
«Մենք ամեն օր մեր քաղաքացիներին իրազեկում ենք, շատ ժամանակ նաև անգլերենով, որպեսզի օտարերկրացիները նույնպես իմանան և հասկանան, թե ինչ անօրինականություն է տիրում Հայաստանում: Սրանով մենք նաև մեր բողոքն ենք արտահայտում երկրում տիրող անտարբերության դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության անդամ, ակցիայի մասնակից Սյուզան Սիմոնյանը:
«Հայ կանաց ճակատի» անդամներն ակցիային եկել էին ձեռնաշղթաներով` ցանկանալով ցույց տալ, որ իրենք բոլորը քաղբանտարկյալներ են:
Ազատության հրապարակում ակցիան տևեց մի քանի րոպե, ինչից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ: Երթի ժամանակ ակցիայի մասնակիցները մայիսի 3-ին Հյուսիսային պողոտայում կայանալիք «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին: Երթի ժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկում էին նաև «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների անունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել էր, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմանում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն էր տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























