Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել նոր քաղաքական ուժ, նոր ժողովրդական ալիք։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հավաքին հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ կոչ անելով ներկաներին համախմբվել եւ կազմալուծել ներկայիս իշխանական համակարգը։ (ֆոտոռեպորտաժ)

«Այս համակարգն իրեն բացարձակ սպառել է, այս համակարգից պետք է ազատվել։ Մենք պետք է այս համակարգը կազմաքանդենք եւ նոր համակարգ ձեւավորենք, դրա համար մենք պետք է 4-րդ Հայաստանի Հանրապետություն ձեւավորենք, որտեղ չպետք է լինի կոռուպցիա, օլիգարխիա եւ թալան, սոցիալական արդարության սկզբունքը պետք է աշխատի այս երկրում»,- ասաց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է հավատ եւ ամենօրյա հետեւողական աշխատանք։

Արամ Սարգսյանը նշեց, որ որքան էլ սահմանադրությամբ սահմանված են մարդու աշխատանքի իրավունքները, այնուամենայնիվ, Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, ինչի պատճառով մարդիկ լքում են երկիրը։ 

«Մեզ բոլորիս սահմանադրությամբ տրված են բազմաթիվ իրավունքներ, բայց մեջը բան չկա, կա աշխատանքի իրավունք, մարդն աշխատանք չունի, արժանապատիվ աշխատավարձ չունի, ոտքերով փախչում է երկրից, բայց երբ ասում են՝ մեր երկիրն աղքատ է, դրա համար է այսպիսի վիճակ, ես սկզբից վիրավորվում եմ, հետո զայրանում, որովհետեւ մենք երբեք աղքատ երկիր չենք եղել, մենք ունենք բնական ռեսուրսներ, որոնք ճիշտ չեն օգտագործվում»,- ասաց ՀԴԿ նախագահը՝ իշխանություններին կոչ անելով խրախուսել կոշիկի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը եւ  գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն էլ նշեց, որ ՍԴՀԿ գրասենյակները դառնալու են շտաբեր, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել աշխատանքի եւ գործատուների հետ կապված խնդիրները, իսկ մասնագետները քաղաքացիներին իրավական աջակցություն կցուցաբերեն։

 ՍԴՀԿ-ի՝ համակարգային փոփոխություններին ուղղված հանրահավաքները շարունակական կլինեն։ Կուսակցության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am