Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին  ընդունել է 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Իսրայելից, Հունգարիայից, Չեխիայից, Բելգիայից, Էստոնիայից, Բուլղարիայից, Մեքսիկայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Զիմբաբվեից, Հարավային Օսիայից եւ Հայաստանից  Արցախ ժամանած մի խումբ դիտորդների:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ քաղաքացիական հասարակության կայացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընտրությունները համարել է ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ նշելով, որ ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը միշտ էլ եղել է մեր երկրի նշանակալի ձեռքբերումներից մեկը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է քաղաքակիրթ աշխարհի հետ իր հարաբերությունները խորացնելու մեջ` այս գործընթացում առանձնակի կարեւորելով պետականաշինության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: