Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նորից կադրային փոփոխությունների է պատրաստվում: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այդ մասին լուրջ քննարկումներ են ընթանում երկրի կառավարական շրջանակներում: Ըստ այդմ, փոփոխությունները կվերաբերվեն գրեթե բոլոր նախարարություններին, բացի ՆԳՆ-ից:
Ենթադրվում է, որ ըստ սեպտեմբերին կատարվելիք կադրային փոփոխությունների աշխատանքից կազատվի պաշտպանության նախարար Դավիդ Սիխուրալիձեն, ով, համաձայն որոշ տեղեկությունների, արդեն իսկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ վրացական աղբյուրների` նրա պաշտոնը կզբաղեցնի հետախուզության ծառայության ներկայիս ղեկավար Գելա Բեժուաշվիլին, այդ պաշտոնին հավակնում է նաև մշակույթի նախարար Նիկա Ռուրուան:
ԱԳՆ-ի ներկայիս ղեկավար Գրիգոլ Վաշաձեին կփոխարինի վերջինիս տեղակալ Գիգա Բոկերիան: Պաշտոնից կազատվի նաև Վրաստանի բնապահպանության նախարար Գոգա Խաչիձեն և փախստականների գործերով նախարարության ղեկավար Կոբա Սուբելիանին: Կադրային փոփոխություններից զերծ չեն մնա նաև Առողջապահության և ֆինանսների նախարարությունները:



















