Երեւանի Եկմալյան փողոցի բնակիչները նույնպես, «պետական կարիքների կամ հանրային գերակա շահի» զոհ են դարձել:

Այդ տարածքում կառուցապատող «Գրադինվեստ» ընկերությունը, ի դեմս փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի` հղում անելով կառավարության 2004 թ. 909 որոշման, պայմանագիր է կնքել Եկմալյան փողոցի բնակիչների հետ` պարտավորվելով երկու տարի անց այդ նույն հասցեում կառուցվող բազմահարկ շենքից բնակարաններ տրամադրել սեփականատերերին: Վերջիններս էլ հավատալով 909 որոշմանը, պայմանագիր են կնքել` վստահ լինելով, որ երկու տարի անց իրենց նախկին բնակարանների փոխարեն վեր խոյացած էլիտարից կստանան իրենց հասանելիքը: Սակայն պայմանագրի ժամկետը լրացել է անցած տարի, եւ բազմահարկի փոխարեն ընդամենը մեկուկես հարկ է բարձրացել, մինչդեռ կողքին գտնվող այլ բազմահարկ շինության կառուցապատումն արդեն ավարտին է մոտենում: Ի դեպ, կառավարության 909 որոշման մեջ որեւէ կետ չկա «Գրադինվեստ»-ին տարածք տրամադրելու մասին: Դրանով քաղաքապետարանը կառուցապատելու լիազորագիր է տվել «Էլիտ փրոջեքթշին», «Գլենդել հիլզ», «Գրիար», «Ավան-տուր», «ԳԱՊ բնակշին» ՍՊԸ-ներին:

Նշենք, նաեւ, որ նույն Սիմոն Աղազարյանի հիմնադրած «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն, չունենալով կառուցապատելու տարածք, հղում անելով կառավարության 2004 թվականի նույն 909 որոշմանը, մի քանի տասնյակ քաղաքացիների հետ առքուվաճառքի պայմանագիր է կնքել: Մեր ձեռքին, այս պահին կա մի քաղաքացու պայմանագիր, որից վերցրել են 13 եւ 50 միլիոն դրամ" «Վիզկոն» ՍՊԸ-ին (նախկին «Ավան տուր») տրամադրված տարածքում կառուցվող շենքից բնակարաններ հատկացնելու պայմանով, սակայն պայմանագրում նշված բազմաբնակարան շենքի փոխարեն դեռեւս փոս է: Ի դեպ, «Վիզկոնը» մինչ օրս չունի կառուցապատման լիցենզիա, նույնիսկ չգիտի, թե իրեն հատկացված տարածքում ինչ պիտի կառուցի, որի մասին նշված է Բուզանդի փողոցի բնակիչների բնակարանների հարցով զբաղվող փաստաբանին ուղարկված իրենց նամակում: Ինչ վերաբերում է Եկմալյան փողոցի նախկին բնակիչներին, ապա նրանք պայմանագրերը ձեռքներին հուսահատված այս ու այն դուռն են թակում օրենք ու օրինականություն պահանջելու: