Հարկավոր է հասկանալ, արդյո՞ք նոր օրինագիծը կօգնի Ռուսաստանում աշխատող հայ շինարարներին: Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է արտերկրում հայկական ընկերություններում աշխատող Հայաստանի քաղաքացիների համար եկամտահարկի դրույքաչափը սահմանել 13%:
Այդպիսով, պետությունը ծրագրում է շահեկան պայմաններ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում մրցույթների մասնակցող Հայաստանի շինարարական կազմակերպությունների համար: Բայց այդ դեպքում հարկավոր է օրենքի գործողության սահման գծել:
«Ռուսաստանում որքա՞ն Հայաստանի քաղաքացի որակյալ շինարարներ կան (Հայաստանում նրանք գրեթե չեն մնացել) եւ Կառավարությունը նրանցից որքա՞ն եկամտահարկ է ցանկանում հավաքել: Հարկավոր է պատասխանել այս հարցին»,- նկատեց Մելքումյանը:
«Հարկավոր է հասկանալ, օրինագիծը հայկական ընկերություններին կօգնի՞ մրցույթների մասնակցել, օրինակ, Ռուսաստանում: Արդյո՞ք այն հակառակ արձագանքի չի արժանանա»,- հավելեց նա:





























