Մայիսն իրավամբ հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Հայոց բանակի պատմության մի քանի էջերի մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանը:

Իմ հետազոտություններում առաջնահերթությունը միշտ տվել եմ հայկական զինված ուժերի պատմությանը: Այդ հետաքրքրությունն ինձ մոտ ի հայտ է եկել վաղ մանկության տարիներին: Երբ 4-5 տարեկան էի, պատերազմ էր, հայրս ու պապս ռազմաճակատում էին: Մեր տանը պատից կախված էր Եվրոպայի քարտեզը, եւ ես դրա վրա նշում էի, թե ուր են հասել հայրս ու պապիկս. Սոֆիա, Բուխարեստ, Պրահա, Վիեննա:

Ավարտել եմ Կապանի դպրոցն ու Կարմիր դիպլոմով Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Դեռեւս ուսանողական տարիներին սկսել եմ զբաղվել հայկական կամավորական շարժմամբ՝ առաջինն այդ հարցը բարձրացնելով ուսանողության շրջանում: Իմ ասպիրանտական աշխատանքի թեման եղել է Կլիմենտ Վորոշիլովի անվան հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի պատմությունը՝ սկսած 1920-ից մինչեւ 1945 թվականը: Խոսքն այստեղ ոչ միայն դիվիզիայի մասին է, այլեւ ժամանակակից Հայաստանի զինված ուժերի ակունքների, որն իր հերթին սկիզբ է առնում Առաջին Հանրապետությունից: Խորհրդային իշխանության հաստատումից հետո նախկին բանակը վերածվեց Հայկական կարմիր բանակի, մեկ տարի անց՝ բրիգադի, այնուհետեւ՝ դիվիզիայի: 1936 թվականին այն պարգեւատրվել է Կարմիր շքանշանով եւ 76 համարն ու ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկի՝ Կլիմենտ Վորոշիլովի անունը ստացել:

Իմ առաջին գիրքը «51-րդ գվարդիական դիվիզիայի մարտական ուղին» աշխատությունն է, որը հրատարակվել է 1980 թվականին: Դա առաջին մենագրությունն է, իսկ ընդհանուր առմամբ 28 մենագրության հեղինակ եմ: Գրքում ներկայացրել եմ Ստալինգրադի ճակատամարտում այդ դիվիզիայի դերը, որին այն մասնակցել է սկզբից մինչեւ վերջ: Սկզբում դիվիզիայի շարքերում 15 հազար հայ է եղել: Սակայն երկարատեւ մարտերից հետո 4-5 հազար է մնացել: Վերջերս ես Վոլգոգրադում էի եւ 51-րդ գվարդիական դիվիզիայի անունով փողոց գտա:

Հետո ցանկացա փոխանցել հայկական բոլոր զորամիավորումների պատմությունը: 1970 թվականից ի վեր աշխատում եմ արխիվում, որը ներկայում կոչվում է Պոդոլսկում ՌԴ Պաշտպանության նախարարության Կենտրոնական պետական արխիվ: Մտածեք միայն, 17-18 տարեկան տղաներ են զոհվել, որոնցից մեկն էլ՝ իմ հորեղբայրը: Նրանց սխրագործությունների մասին հարկավոր է խոսել:

Հայ ժողովուրդը ծանրակշիռ ներդրում է ունեցել Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի գործում: Մենք ապացուցեցինք, որ դա նաեւ մեր հաղթանակն է: Պատերազմի սկզբում Խորհրդային Հայաստանի սահմանին 26 թուրքական դիվիզիաներ էին կանգնած՝ շուրջ 800-900 հազար մարդ: Նրանք ԽՍՀՄ-ի վրա հարձակման եւ Խորհրդային Հայաստան ներխուժման ազդանշանի էին սպասում: Եթե դա տեղի ունենար, 1915 թվականից ավելի սարսափելի ցեղասպանություն կլիներ: Բայց, ինչպես հայտնի է, 1941 թվականի դեկտեմբերի 5-ին խորհրդային զորքերը Մոսկվայի մերձակայքում հակահարձակման անցան եւ գերմանացիներին դեպի արեւմուտք քշեցին: Դա սառը ցնցուղ էր Թուրքիայի համար, չնայած այդ երկիրը ոչ անմիջապես հրաժարվեց հարձակման մտքից: Եթե Հիտլերին հաջողվեր հաղթել Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան քայլ կաներ: Ծրագրվում էր, որ թուրքական զորքերը Խորհրդային Հայաստան պետք է ներխուժեն 1942 թվականի նոյեմբերի 23-ին, սակայն նոյեմբերի 19-ին խորհրդային զորքերը Ստալինգրադի մոտ հակահարձակման անցան: Գեներալ-ֆելդմարշալ Պաուլյուսի հրամանատարությամբ 330 հազարանոց գերմանական բանակը ջախջախվեց, զինվորների մեծ մասն էլ գերեվարվեց: Միայն դրանից հետո Թուրքիան նահանջեց:

Մեր փառավոր մարշալների՝ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանփերյանցի մասին իմ գրքերում արխիվային նոր նյութեր եմ օգտագործել: Մինչ այդ ոչ ոք չի օգտագործել ԱԴԾ-ՊԱԿ-ի արխիվային տվյալները: Ես նույնպես դժվարությամբ կարողացա այնտեղ մուտք գործել: Բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր հայտնաբերեցի, այդ թվում՝ Խուդյակովի՝ Արմենակ Խամփերյանցի հարցաքննությունների եւ թաղվելու վայրի մասին: Բաբաջանյանի մասին նյութեր հավաքելու գործում ինձ օգնեց նրա դուստրը՝ Լարիսան: Արխիվում հետաքրքիր նյութեր գտա նաեւ Բաղրամյանի մասին:

Հսկայական քանակությամբ նյութեր կան նաեւ հայ օդաչուների մասին: Թվում է՝ Նելսոն Ստեփանյանի մասին հայտնի է ամեն ինչ: Բայց պարզվում է՝ ոչ ամեն ինչ: Արխիվային նյութերում տեղեկություններ գտա, որ 1944 թվականի օգոստոսին նրան «կրկնակի հերոսի» կոչման են ներկայացրել: Նելսոն Ստեփանյանը զոհվել է 1944 թվականի դեկտեմբերին, իսկ մահից հետո նրան «եռակի հերոսի» կոչման են առաջադրել: Բայց արդյունքում որոշվել է հետմահու կրկնակի հերոսի կոչման արժանացնել եւ «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշան շնորհել:

Նաեւ առանձին գրքեր եմ գրել Մեծ հայրենական պատերազմին Արցախի հայերի մասնակցության, հաղթանակում ջավախահայերի ներդրման մասինԼ Հիմա գրում են պատերազմին իմ հայրենի Սյունիքի հայերի մասնակցության մասին: Բախտ եմ ունեցել ծանոթանալ ադմիրալ Հովհաննես Իսակովի անձնական գործին: Հետազոտությունների արդյունքում զգալի քանակությամբ նյութեր եմ հավաքել, եւ եթե հովանավորներ գտնվեն, պատրաստ եմ գիրք հրատարակել:

Հայեր ներդրումը մեծ է եղել ոչ միայն ռազմաճակատում, այլեւ թիկունքում: Մեր հարեւանները (Ադրբեջանը - խմբ.) նեղանում են, ասում են, իբր, հայերը 5 մարշալ են տվել, 10 ադմիրալ, 106 հերոս, 24 գեներալ պատերազմի ժամանակ, ու եւս 86-ը՝ պատերազմից հետո, իսկ մենք նավթ ու բենզին ենք տվել: Բայց եւ մոռանում են, որ նավթի արդյունահանման ոլորտի աշխատակիցների զգալի մասը հայ մասնագետներ էին: Պատերազմի տարիներին Հայաստանում 300 նոր ձեռնարկություն է բացվել, այդ թվում՝ զենքի եւ նույնիսկ ինքնաթիռի արտադրության:

Մեծ է նաեւ հայ մասնագետների ներդրումը նոր զինատեսակների մշակման գործում. Ալիխանյան եղբայրներ, Կիրիլ Շելկին: Իսկ Վիկտոր Համբարձումյանի մշակումը դրվեց գիշերային տեսանելիության սարքի հիմքում:

Ինչ վերաբերում է ծրագրերին. այս տարի չորս գրքի հրատարակություն է ծրագրվում՝ անձամբ իմ կամ իմ մասնակցությամբ: Այդ գրքերը հայերեն եւ ռուսերեն են լինելու: