Ազգային ժողովի պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 17.00-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ այդ ժամին ինքը եւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կգնան Էրեբունի ՁՊՎ, որպեսզի տեղում իմանան, թե ինչ որոշում է կայացվել: Այսօր պետք է նախաքննության մարմինը որոշի՝ ինչ մեղադրանք առաջադրել Գոհար Ենոքյանին եւ ինչպիսի խափանման միջոց ընտրել: Էլինար Վարդանյանը երեկ տեսակցել է Գոհար Ենոքյանին, նա նշեց, որ վերջինս դեռ ճնշման խնդիր ունի: Պատգամավորից տեղեկացանք նաեւ, որ Գոհար Ենոքյանը հարցաքննվել է, եղել են առերեսումներ, այսօր եւս նախատեսված են տարբեր քննչական գործողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են տեւական ժամանակ քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ «Յուվեցի Կարոյի» անունը: Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ենոքյանը կասկածվում է «Յուվեցի Կարոյի» սպանությունը նախապատրաստելու մեջ:
Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհար Ենոքյանը:
Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:





























