Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի խորհրդի՝ մայիսի 3-ին կայացած նիստում ԵՔԳԱ փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն ու խորհրդի եւս 5 անդամներ հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու իրենց որոշման մասին։
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի նախագահ, անկուսակցական Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ ԵՔԳԱ-ն, լինելով հասարակական կազմակերպություն, երբեւէ իր անդամներին չի սահմանափակել հարել այս կամ այն քաղաքական ուժին, եւ մինչ օրս կազմակերպության տանիքի տակ հաջողությամբ համագործակցել են քաղաքական տարբեր ճամբարներ ներկայացնող բազմաթիվ երիտասարդներ։ Կազմակերպության խորհուրդը ողջունեց իր անդամների սույն որոշումը։
Մայիսի 5-ին ԵՔԳԱ փոխնախագահը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու որոշումը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առջեւ լուրջ խնդիրներ է դրել, այն է՝ կենտրոնացնել հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժը կամ նրա հիմնական մասը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ ապահովել այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, կասեցնել Հայաստանից նկատելի արտագաղթը, նախադրյալներ ստեղծել Մեծ հայրենադարձության համար, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական պայմաններ ապահովել Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար։ Բացի այդ, ձեւավորվում է ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը գործելու է կոլեգիալ, եւ ոչ թե սուպերլիդերի կառավարմամբ։
«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակադրվել է մասնակցել առաջիկա խորհրդարական ընտրություններին, ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ ես եւ ղեկավար խորհրդի մի քանի անդամներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու եւ երկրում իշխանափոխության հասնելու գործում մեր սեփական ներդրումն ունենալու որոշում կայացրինք», - նշեց Հայրապետյանը։
Հավելենք, որ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալու որոշմանը՝ Մխիթար Հայրապետյանը կշարունակի զբաղեցնել Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը։





























