Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով մեղադրյալ 17-ամյա Սամվել Սարգսյանի նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը:
«Իմ կարծիքով՝ ոչ մի քննություն էլ չի կատարվում: Ամեն դեպքում մենք որեւէ գործողության չենք մասնակցում»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չկան:
Նշենք, որ 17-ամյա Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Պատիժը նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով
Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Բախումներից հետո հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին եւ Անուշավան Հարությունյանին։
Ըստ տեղեկությունների՝ մեղադրյալների թիվն իրականում 19-ն է:





























