Իրավապահ մարմինները պետք է գործեն իրավախախտի անձից անկախ։ Այս մասին մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Իհարկե ֆորմալ առումով որդին հոր համար պատասխանատու չէ եւ ընդհակառակը։ Սակայն հասարակության պատկերացման մեջ փաստերը շատ հստակ կապվում են իրար։ Իրավախախտը մնացել է անպատիժ, քանի որ նա մեծ մարդու տղա է»,- հայտարարեց Ռուստամյանը։
Պետությունը պետք է պաշտոնյաների իրավախախտումները բացահայտելու եւ պատժելու հստակ մեխանիզմներ ունենա։ «Ցավոք, այսօրվա Հայաստանում դրանք չեն գործում, սակայն մեր պետական համակարգից դա կբացառվի»,- ընդգծեց Ռուստամյանը։





























