Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», համաձայն չէ գլխավոր դատախազության՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին ազատ արձակելու որոշման հետ: NEWS.am-ի հետ զրույցում Կարո Կարապետյանը պնդեց, որ Ենոքյանը «հանցագործ է»:

 «Շատ վատ եմ ընդունում, որ բաց են թողել, իրան չպիտի բաց թողնեին, որովհետեւ ինքը հանցագործ ա, խարդախ ա: Ով էլ իրան օգնել ա, ինքն էլ ա հանցագործ, մարդասպան»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ ինքը չի պատրաստվում բողոքարկել դատախազի որոշումը:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: