Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» համար զարմանալի չէ, որ իր փեսային՝ անցած տարվա մայիսին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակած եւ 5 անձի վիրավորած Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է:
«Իհարկե, պետք է փոխվեր: Եթե մարդասպանին, զակազչիկին, խարդախին բաց են թողնում, անհասկանալի էր, որ Գոռին նման մեղադրանք էր առաջադրվել: Էս երկրում ո՞նց կարող էր նման բան կատարվեր»,- NEWS.am-ի հետ զրույցում դատախազի որոշմանն այսպես արձագանքեց նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ նշելով, որ «զակազչիկ» ասելով նկատի ունի Գոհար Ենոքյանին:
Նշենք, որ մայիսի 7-ին կայացած դատական նիստին մեղադրող Հարություն Սարգսյանը հայտարարեց, որ Գոռ Առաքելյանին ի սկզբանե առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոխարինվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























