Եթե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն իրեն «խելոք» պահեր, նրան չէին կալանավորի։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, որը Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի օրվա կապակցությամբ Արցախի հերոսամարտի զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Իրան խելոք պահեր, ոչ մի բան էլ չէր լինի, ամեն ինչ էլ նորմալ էր, կասկածել էին ինչ-որ բաների մեջ, բռնեցին, տեսան, որ տենց չի, բաց թողեցին»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանի տնից շամփուր են գտել, Սեյրան Սարոյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ են գտել: Շամփո՞ւր: Ուրեմն շատ ա խորոված կերել, դրա համար են բռնել»:
Անդրադառնալով ազատամարտիների կողմից բարձրաձայնվող սոցիալական ծանր պայմաններին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Սաղ էլ նույն վիճակն ա, էլի: Ես լավ եմ ապրում, որովհետեւ իմ հերը շատ փող ունի»:





























