ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական մամուլին պատմել է Խանտի Մանսիսկում առկա խնդիրների մասին: Ռուսաստանի հենց այս քաղաքն է սեպտեմբերի վերջին ընդունելու համաշխարհային շախմատային Օլիմպիադան:
«Ես չեմ ուզում խոսել աղետի մասին, սակայն իրավիճակը տագնապալի է: Օլիմպիադայի կազմակերպիչները խոստացել էին երեք հյուրանոց կառուցել, սակայն մեկն են կառուցել: Սակայն այդ մեկն էլ մեկ ամիս առաջ դեռ չէին հանձնել շահագործման: Ես շատ այցեր եմ ունենում` Ասիայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում: Մի քանի երկրներում ինձ բողոքել են, որ դեռեւս մայիսին Խանտի Մանսիսկում մերժել են ընդունել: Ասում են`հյուրանոցային համարները քիչ են, չարտերային չվերթները` նույնպես: Դուք կարող եք պատկերացնել, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները Կանադայի կամ Շվեդիայի հոկեյիստներին ասեն` ներողություն, ձեզ ընդունել չենք կարող, ապրելու տեղ չկա: Սակայն Խանտի Մանսիսկում մոտավորապես այդ վիճակն է: Սպասվում է ռեկորդային` 160 թիմերի մասնակցություն, իսկ հյուրանոցը դեռ պատրաստ չէ, հովանավորները գումարները չեն փոխանցել: Ես պաշտոնական նամակ էի հղել Խանտի Մանսիսկի նահանգապետին եւ երկրի ղեկավարությանը: Սա քաղաքական խնդիր է: Չի կարելի ձախողել համաշխարհային Օլիմպիադան Խանտի Մանսիսկում: ՖԻԴԵ-ն Օլիմպիադայի կազմկոմիտեին օգնության խումբ կուղարկի, իսկ օգոստոսի 25-ին եւս մեկ տեսչական ստուգում կանցկացնենք: Ես հավատում եմ ավանդական ռուսական ավրալին եւ հույս ունեմ, որ կազմակերպիչները կգտնեն իրավիճակը փրկելու ուղիներ: Անհրաժեշտ է ընդունել շախմատիստներին, մրցավարներին, կոնգրեսի պատվիրակներին եւ լրագրողներին: Ժամանակ դեռ կա: Օլիմպիադայի բացումը սեպտեմբերի 20-ին է»,- ասել է Իլյումժինովը»:



























