ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մեկնաբանել է Տոմսկում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի որոշումը, որով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխվեց Կազան:

«Ձգձգել այլեւս չէր կարելի: Դժվար թե Սոֆիան անմիջապես ֆինանսական երաշխիքներ ներկայացներ, իսկ Կազանը դա արեց: Մենք մինչեւ վերջին պահը փորձում էին լուծել մրցաշարը Բաքվում անցկացնելու խնդիրը: Ես խորհրդակցեցի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ` հույս ունենալով գտնել փոխզիջումային լուծում: Սակայն, երբ պարզ դարձավ, որ ստիպված ենք լինելու մրցաշարը մասնատել` սկսեցինք այլ ելք փնտրել: Մրցաշարը Կազանում անցկացնելու Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկը ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը մեծ ոգեւորությամբ ընդունեց:

Բացի այդ, Կազանում են անցկացվելու 2013-ի համաշխարհային ուսանողական խաղերը, որի ծրագրում նաեւ շախմատ է ընդգրկված: Իսկ քանի որ աշխարհի չեմպիոնի մրցամարտը տեղի է ունենալու 2012-ին, Լոնդոնում` ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում, ապա շախմատի իմիջի համար շատ շահավետ շղթա է ստացվում»,- Սպորտ-Էքսպրեսին ասել Իլյումժինովը:

«Ինչ վերաբերում է Տոպալովի դեմարշին, ապա նախագահական խորհրդում ոչ ոք դրան անհանգստությամբ չվերաբերվեց: Այն նման է դեժավյուի: ՖԻԴԵ-ն այդ ամենն անցել է` բոյկոտներ, վերջնագրեր: Տոպալովը հրաշալի շախմատիստ է եւ Բուլղարիայում երկրպագուների մեծ բանակ ունի, բայց նրա հայտարարությունն առնվազն տարօրինակ է: Ես նրան լավ նամակ եմ գրել, խնդրեցի շուտափույթ որոշումներ ընդունելիս հիմնավորապես մտածել: Հուսով եմ` առողջ բանականությունը կհաղթի: Իսկ եթե Տոպալովը չուզենա խաղալ Կազանում եւ չստորագրի պայմանագիր, նրան փոխարինող կգտնվի»,-ասել է Իլյումժինովը: