Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ առաջարկություններ է ստացել քաղաքական 14 ուժերից։

Մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից հայտնում են, թե առաջարկություն ներկայացրած ուժերի թվում են ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՄԱԿ-ը, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, «Ազգային միաբանությունը», Դեմկուսը, «Ազատությունը»։

Այսօր՝ մայիսի 8-ին կայացած աշխատանքային նիստում հանձնաժողովը հստակեցրել է քաղաքական ուժերի հետ առաջիկա քննարկումների ժամանակացույցը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Սահմանադրության առաջին 3 գլուխներն արդեն պատրաստ են, եւ մայիսի 15-ին հանձնաժողովը կքննարկի կառավարման համակարգին վերաբերող բաժինները՝ Նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն:

Մայիսի 18-19-ին հայեցակարգը կքննարկվի Վենետիկի փորձագետների հետ, Փարիզում, իսկ ամսի 22-ին հանձնաժողովը հանդես կգա մամուլի ասուլիսով: